Տարեմուտի հարցազրույց ԱԺ փոխնախագահ Հերմինե ՆԱՂԴԱԼՅԱՆԻ հետ:
-Տարեվերջին ի՞նչը կառանձնացնեիք 2016-ից՝ իբրև ամենակարևոր ու մնայուն:
-Տարին հագեցած էր բազում իրադարձություններով ու դժվար է որևէ մեկն առանձնացնել կարևորության ու մնայունության տեսակետից: Վստահաբար՝ ամենակարևոր իրադարձությունը բոլորիս համար Հայաստանի երրորդ Հանրապետության 25-ամյակն էր: Քառորդ դար մենք կանք ու անկախ ենք իբրև պետություն, ու դա մեր պատմության ամենակարևոր փաստն է: Պիտի նշեմ ապրիլյան քառօրյա պատերազմը, որ վկայեց մեր ոգու ու բազկի ամրությունը ու իսկապես մեր հաղթանակի մնայունությունը: Ես խոնարհվում եմ քառօրյա պատերազմի բոլոր զոհերի հիշատակի առաջ, նրանց հարազատների հետ կիսում եմ իրենց վիշտը, ու միաժամանակ՝ հպարտությունը՝ հերոս զավակների համար: Համոզված եմ, որ այդ չորս օրերին նույնիսկ մենք բացահայտեցինք մեզ համար մեր հայրենիքի ուժն ու մեր մարդկային որակները՝ անսակարկ հայրենասիրությունն ու ազգովին զինվոր լինելու գիտակցությունը, որ հաղթանակի գրավական է միշտ: Մենք ապացուցեցինք, որ արժանի ենք անկախության: Ինձ համար շատ կարևոր իրադարձություն էր Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը առաջին քրիստոնյա երկիր: Ես համոզված եմ, որ պապի այցի երեք օրերին Հայաստանը ոչ միայն համայն քրիստոնյա աշխարհի մայրաքաղաքն էր՝ անկախ դավանաբանական տարբերություններից՝ ուղղափառ, կաթոլիկ թե առաքելական, այլև լույսի, բարության ու համերաշխության: Պապի Երևանում հնչեցրած ուղերձը համամարդկային անանց արժեքների հավաստումն էր ու նրա այցը՝ իբրև Վատիկան պետության ղեկավար ու կաթոլիկ հովվապետ՝ արժանին էր մատուցում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած մեր պետությանը ու դարերով ազգի գոյության երաշխիք եղած Հայ առաքելական եկեղեցուն:
-Բայց տարին նաև այլ իրադարձություններ մատուցեց՝ հուլիսին ՊՊԾ գնդի գրավման պատմությունը, օրինակ, անակնկա՞լ էր:
-Կարծում եմ անակնկալ էր ոչ միայն ինձ համար, այլև բոլոր նրանց, որ հավատում էին ու հավատում են, որ ոչ մի դեպքում հայը հայի դեմ զենք չպիտի բարձրացնի: Իրավիճակ, որից կարողացանք հնարավորինս անարյուն դուրս գալ՝ հակառակ ծայրահեղ պայթյունավտանգ լինելու: Խորապես ցավում եմ պաշտոնական պարտականությունները կատարելիս սպանված ոստիկանների համար: Համոզված եմ, որ նման իրավիճակներ Հայաստանում չպիտի լինեն, որ դա մի խումբ ուղեցույցները կորցրած մարդկանց մտահղացում էր, որ այդպես էլ չկարողացան բացատրել՝ ո՞րն էր իրենց գործողության նպատակը՝ իշխանափոխությո՞ւն, պետական հեղաշրջո՞ւմ, ուշադրությո՞ւն հրավիրել իրենց վրա: Բոլոր այդ խնդիրները լուծվում են քաղաքական ճանապարհով: Որևէ արդարացում քաղաքական հարցերը զենքով լուծելուն չեմ ընդունում: Վստահ եմ, որ միայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ իրավիճակը վերահսկելու ու խաղաղ ավարտի հասցնելու հաստատակամությունը թույլ տվեց ՊՊԾ գնդի գրավումը ավարտել զենքը վայր դնելով:
-Այս գումարման խորհրդարանը ավարտում է գործունեությունը, ու՝ ի՞նչ:
-Դեռ մի նստաշրջան ունենք՝ գարնանը: Բայց արդեն իսկ պարզ է, որ հինգերորդ գումարման խորհրդարանը մտնելու է Հայաստանի պատմության մեջ՝ իր ընդունած պատմական որոշումներով և արդեն վեցերորդ գումարման խորհրդարանի պատմությունը բոլորովին այլ է լինելու: Այլ Հայաստանում ու այլ գործառույթներով: Եթե հակիրճ՝ անցած տարիները բովանդակալից, հետաքրքիր ու շրջադարձային տարիներ էին, որոնց իսկական գնահատականը գուցե տարիներ հետո լինի, երբ կունենանք շոշափելի արդյունքներ:
-Դուք կարծում եք, որ հինգերորդ գումարման խորհրդարանը կարողացա՞վ քաղաքական մարմին լինել ու երկրի քաղաքական կյանքի մասնակից:
-ԱԺ ամբիոնը երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնն է, ինչպե՞ս կարող է խորհրդարանը քաղաքական կյանքի մասնակից չլինել:
-Քաղաքականությունը նաև խորհրդարանից դուրս է ծավալվում, չե՞ք կարծում, որ ընտրություններում կարող է իրավիճակ փոխվել:
-Ցանկացած ընտրություն էլ նոր իրավիճակ է հաստատում, ուժերի նոր դասավորություն է բերում, նոր իշխանություն է ձևավորում:
-Քաղաքական երեք ուժեր հայտարարել են դաշինք կազմելու մասին՝ «Լուսավոր Հայաստանը», «Հանրապետությունը» և «Քաղաքացիական պայմանագիրը», ինչպե՞ս է ՀՀԿ-ն վերաբերվում այդ փաստին: ՀԱԿ-ի համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանը անթաքույց առաջարկներ արեց ՀՀԿ-ին: Սեյրան Օհանյանը հայտարարեց քաղաքականություն մտնելու մասին ՝ ինչպե՞ս եք գնահատում այս իրադարձությունները:
-Նախընտրական բնականոն իրավիճակ: Միշտ էլ այդպես է՝ ընտրություններից առաջ մեծ ու փոքր քաղաքական ուժերը վերանայում են իրենց զինանոցը, հնարավորությունների ու հավակնությունների հաշվեկշիռը, ըստ այդմ էլ որոշում են ընտրություններին մասնակցել կամ չմասնակցել: Մասնակցելու դեպքում՝ ինչպե՞ս` միայնա՞կ, թե՞ դաշինքով: Քաղաքական փորձառությունը ինձ հուշում է, որ նախընտրական անցուդարձը միշտ չէ, որ մնայուն հետևանքներ է ունենում, գերազանցապես նախընտրական դաշինքները հիմնական խնդիրը լուծելուց հետո քանդվում են՝ նոր կազմավորումների հիմք տալով: Կրկնում եմ՝ նորմալ, նախընտրական գործընթաց է: Վստահ եմ, որ քաղաքական դաշտը դեռ բյուրեղանալու խնդիր ունի՝ վերջնականապես բևեռներ ձևավորելու և միայն դրանից հետո իմաստ ունի գնահատել հնարավորությունների ու հավակնությունների համապատասխանությունը իրականությանը: Թող դաշինքները ձևավորվեն, կայանան, իրենց ծրագրերը ներկայացնեն, նպատակները բարձրաձայնեն: ՀՀԿ-ն կարող է միայն իր ուրախությունը հայտնել, որ քաղաքական դաշտում որոշակիություն է մտնում: Հենց մեր կուսակցությունը և մեր քաղաքական առաջնորդ Սերժ Սարգսյանը նոր Սահմանադրությամբ և նոր զարգացումներով նոր զարկ տվեցին կուսակցաշինությանը, գործող կուսակցությունների ամրապնդմանը և նորաստեղծ կուսակցությունների կայացմանը: Մենք առիթ ունեցել ենք ասելու, որ լիահույս ենք, որ նրանք գալիք ընտրություններում կներկայացնեն երկրի հասարակության լայն շրջանակների շահերն ու նպատակները և կլինեն մեր արժանի հակառակորդները քաղաքական մրցապայքարում:
-ՀՀԿ-ն հպարտ մենակի կարգավիճակո՞վ է գնալու ընտրությունների:
-Չեմ ընդունում Ձեր հեգնանքը, ՀՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որ ի զորու է մենակ գնալ ընտրությունների, բայց մենք դեռ չենք քննարկել ընտրություններին մեր մասնակցության ձևաչափը, ժամանակ դեռ ունենք:
-Ընտրացուցակն էլ դեռ չե՞ք քննարկել:
-Ինչո՞ւ է լրագրողներին միշտ հետաքրքրում ընտրացուցակը, այդքան մե՞ծ նշանակություն ունի, թե կուսակցությունն ինչպես է դասավորում իր անդամներին: Մենք մի թիմ ենք՝ միասնական ու հաղթում ենք մեր միասնական ու կամային ուժ լինելով, որն էլ վստահության ու հավատի հիմք է տալիս մեզ ձայն տվող ընտրողներին:
-Հետաքրքրում է, որովհետև ընտրացուցակը բացի դասավորություն լինելուց, նաև վկայում է, թե ի՞նչ քաղաքականություն է մտադիր վարել տվյալ կուսակցությունը հաղթելու դեպքում:
-Հաղթելու դեպքում ՀՀԿ-ն շարունակելու է պետական կառավարման համակարգի բարեփոխումները, անվտանգության ապահովման քայլերը, տնտեսության զարգացումը, կենսամակարդակի բարձրացումը, այն ամենը, ինչ ամեն մի իշխող ուժ ունենում է իր օրակարգում՝ պետության կառավարումը:
-Դուք հավատո՞ւմ եք ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակին:
-ՀՀԿ-ն երեկ էլ, այսօր էլ, վաղն էլ Հայաստանի ամենաուժեղ քաղաքական կուսակցությունն է, որ երբեք չի շեղվել իր արժեհամակարգից և քաղաքական կուրսից: Ո՞վ, եթե ոչ ՀՀԿ-ն պիտի հաղթի խորհրդարանական ընտրություններում:
Մեր համագումարում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շեշտեց, որ ՀՀԿ-ն առաքելություն ունի՝ հանդես գալ որպես առաջնորդող, սկզբունքային և հակասությունները հարթող ուժ, իսկ այդպիսին մնալու համար մենք նախ պետք է հաղթենք:
-Տարեմուտի ի՞նչ մաղթանք ունեք:
-Իբրև պահպանողական քաղաքական ուժի ներկայացուցիչ, իմ մաղթանքն էլ ավանդական է՝ խաղաղություն, բարեկեցություն ու երջանկություն բոլորին ու յուրաքանչյուրին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ